Անշարժ գույքի հետ արագ գործարքների գաղտնիքը
Սեփականատերերը, ովքեր որոշել են վաճառել կամ վարձով տալ իրենց անշարժ գույքը, կարող են բախվել պարապուրդի խնդրին։ Թեև հայտարարությունը համապատասխանում է բոլոր կանոններին, և հիասքանչ լուսանկարներ են արված, գնորդները գալիս են, նայում, բայց, չգիտես ինչու, չեն վերադառնում և չեն ստորագրում պայմանագիրը։ Բնակարանը կարող է մնալ շաբաթներով և նույնիսկ ամիսներով։ Գնորդի երկար սպասումը արդեն գումարի կորուստ է, ինչը այսպիսի իրավիճակում կխորանա անխուսափելի գնի իջեցմամբ։
Ինչու՞ է այդպես լինում, երբ առաջին իսկ այցից գնորդն ասում է՝ վերցնում եմ, չի սակարկում, ոչ մի թերություն չի փնտրում, այլ միանգամից կանխավճար է թողնում կամ ստորագրում է վարձակալման պայմանագիրը։ Ինչու՞ է այդպես լինում։
Գաղտնիքն այն է, որ յուրաքանչյուրը իր ամենօրյա կյանքը յուրովի է կազմակերպում։ Երեխա ունեցող ընտանիքներն այնպես չեն ապրում, ինչպես չունեցողները։ Հեռավար աշխատանքով մարդիկ այլ կերպ են ապրում, քան հիմնարկում աշխատողները։ Ինքնուրույն կանայք գերադասում են այլ բնակարաններ, իսկ IT ոլորտում աշխատող տղամարդիկ՝ լրիվ ուրիշ։ Նրանց համար, ովքեր մեքենա ունեն, կարևոր է, որ տան մոտ կայանատեղի լինի, իսկ նրանց համար, ովքեր օգտվում են տրանսպորտից՝ մետրոյի կայարանին ոտքով հասնելու հնարավորությունը։ Առողջ ապրելակերպի սիրահարները ընտրում են այգուն մոտ բնակարաններ, իսկ զվարճանքի կողմնակիցները փնտրում են բնակարաններ այնպիսի փողոցներում, որտեղ ավելի շատ խորտկարաններ կան։ Այդպիսով մեզնից յուրաքանչյուրին անհրաժեշտ են տարբեր բնակելի տարածքներ։
Եթե բնակարանը համապատասխանում է պոտենցիալ բնակչի ապրելակերպին, եթե նա առաջին հայացքից տեսնում է իր և իր ընտանիքի կյանքն այդ շրջապատում, պատկերացնում է, թե ինչպես է այդտեղ ապրելու, գործարքը կիրականացի արագ և առանց սակարկության։
Այսպիսով ամենակարևոր խնդիրը թիրախային լսարանի որոշումն է։ Այլ կերպ ասած՝ պետք է հասկանալ, թե կոնկրետ ում ավելի կհամապատասխանի Ձեր բնակարանը և առաջարկը կազմել հենց նրա համար։
Ինչպե՞ս դա անել։
Առաջին հերթին հետազոտում ենք տեղանքը։ Մանրամասն ուսումնասիրում ենք տան շուրջն ամեն ինչ՝ մետրոյի կայարան կամ կանգառ, այգի, մանկական կենտրոն, խաղադաշտ, դպրոց, մանկապարտեզ, սրճարան, խորտկարան, ընտանեկան կաֆե, հայտնի ռեստորան, մարզադահլիճ, լողավազան, յոգայի կամ պարի ստուդիա, վաճառքի կենտրոն, շուկա, սուպերմարկետ, պոլիկլինիկա, բժշկական կենտրոն, գեղեցկության սրահ կամ վարսավիրանոց։
Հաջորդիվ մանրակրկիտ գնահատում ենք տունը, տեղանքը, բնակարանի գտնվելու վայրը։ Կարևոր է ամեն ինչին <<կողքից>> նայել, այդ ամենն առաջին անգամ տեսնող մարդու աչքերով։ Ո՞ր հարկում է բնակարանը։ Արդյո՞ք տան մուտքը հարմար է։Արդյո՞ք վերելակ կա, և ինչքա՞ն ընդարձակ է աստիճանը։ Ի՞նչ կա բակում՝ մանկական խաղահրապարակ, կայանատեղի, կանաչ տարածք։ Դեպի ու՞ր են ուղղված պատուհանները՝ փողոցին, թե՞ բակին։ Արդյո՞ք բնակարանում լսվում է աղմուկ փողոցից, հարևաններից կամ առաջին հարկի խորտկարանից։
Եվ վերջապես գնահատում ենք բնակարանի վիճակը և սարքավորումը։ Ինչքա՞ն ընդարձակ է բնակարանը և քանի՞ հոգու հարմար կլինի այն։ Ինչպե՞ս է կահավորված խոհանոցը, կարելի է այնտեղ պատրաստել զանազան ուտեստներ ամբողջ ընտանիքի համար, թե՞ միայն առաքված ուտեստները տաքացնել։ Քանի՞ սանհանգույց կա, արդյո՞ք առավոտյան և երեկոյան ցնցուղ ընդունելիս հերթ չի գոյանա։Բավարար քանակով կահույք կա՞, թե՞ չափից շատ է։ Ինչքանո՞վ էսթետիկ և համակողմանի է ներքին հարդարանքը։
Բոլոր տեղեկությունները հավաքելուց հետո պետք է լավ մտածել՝ ու՞մ հարմար կլինի այդ բնակարանը։ Մի սահմանափակվեք <<երեխաներով ընտանիք>>, <<զույգեր>> և <<ընկերական խմբեր>> ընդհանուր կատեգորիաներով, փորձեք ավելի մանրամասն պատկերացնել այն մարդկանց կենսակերպը, որոնց կհամապատասխանի Ձեր բնակարանը։
Օրինակ՝ մեծ երեքսենյականոց բնակարանը կհամապատասխանի երեխաներով ընտանիքի։ Բայց եթե այն գտնվում է հինգերորդ հարկում, վերելակ չկա, տան մուտքն անհարմար է, և մոտակայքում զբոսայգիներ չկան, ապա մանկասայլակներով մայրերի համար հարմարավետ չի լինի։ Իսկ դպրոցականներ ունեցող ընտանիքի համար այդպիսի բնակարանը լավ տարբերակ է։
Երբ թիրախային լսարանը որոշված է, ամենակարևորն է կազմել հայտարարություն հենց այդ մարդկանց համար։ Այսինքն նկարագրել այն ամենը, ինչը կյանքն ավելի հարմարավետ կդարձնի, և չգրել այն, ինչ չի վերաբերվում իրենց ապրելակերպին։
Օրինակ՝ Դուք որոշել եք, որ Արաբկիրի Ձեր երկսենյականոց բնակարանը՝ առանձին ննջարանով և մեծ խոհանոց-հյուրասենյակով իդեալակն համապատսխանում է IT ոլորտում աշխատողների զույգին։ Գրեք բնակարանում աշխատասենյակի, միկրոալիքային վառարանի, սպասք լվացող սարքի և օդափոխիչի մասին, տան մոտ գտնվող սրճարանի և սննդի առաքման մասին, տրանսպորտային միջոցների հասանելիության և բակի կայանատեղի մասին։ Այս դեպքում իմաստ չունի հայտարարության մեջ գրել հեռուստացույցի, ջեռոցի, դպրոցի, մանկական խաղադաշտի, շուկայի և ընտանեկան սրճարանի մասին։
Այդպիսի տեքստը կնկատեն հենց նրանք, որոնց համար այն նախատեսված է։ Տեսնելու կգան թիրախային վարձակալողները կամ գնորդները, ովքեր արդեն նկարագրությամբ որոշել են, որ իրենց համապատասխանում է այդ կացարանը։ Անիմաստ դիտումների թիվը կպակասի, իսկ գործարքի հնարավորությունը կաճի։
Հայտարարության պատրաստության հիմնավոր մոտեցումը կօգնի առանձնացնել Ձեր առաջարկը ուրիշների համեմատությամբ։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը հայտարարության մեջ նշում է բացահայտ փաստեր։ Գնորդը կամ վարձակալողը չի կարող այդպիսի նկարագրությամբ իրեն պատկերացնել այդ բնակարանում։ Այդ պատճառով կասկածում է, երկար մտածում ու սակարկում։ Օգնեք բնակչին ընտրություն կատարելիս, տեքստի միջոցով ցույց տվեք նրա երազած կյանքը, պատրաստեք հայտարարությունը հենց նրա համար, և այդպիսով Ձեր գործարքը կկայանա շատ արագ։
Սվետլանա Կունդալ, հատուկ tunmun.am-ի համար։