Գյումրիում կկառուցվի ժամանակակից Distrikt Sustainable IT Hub - TunMun

Գյումրիում կկառուցվի ժամանակակից Distrikt Sustainable IT Hub

Distrikt Sustainable IT Hub-ը տեղակայված կլինի Գյումրիի նախկին 7-րդ ամրացված թաղամասում ՝ 21 հա տարածք զբաղեցնող լքված զորամասի տեղում։ 

Դիստրիկտ Դեվելոփմենթի գործունեության շնորհիվ Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում արդեն ստեղծվել են պայմաններ ՏՏ ոլորտի զարգացման համար: 

2013 թվականից Գյումրիում հիմնադրվել է Digital Pomegranate-ը՝ ծրագրային ապահովման մշակման ընկերություն, որը համագործակցում և ծրագրային արտադրանք է ստեղծում միջազգային կորպորացիաների համար, ինչպիսիք են SONY ATV-ն, Sony Music-ն, Tesco-ն:

Distrikt բնակելի թաղամասի կառուցումից հետո նախատեսվում է ավելի լայնածավալ արդիականացում տարբեր ոլորտներում: Դրա համար ընկերությունը ներդրումներ կկատարի Գյումրիում և Շիրակի մարզում` մարդկանց, կրթության, տեխնոլոգիական հետազոտությունների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության մեջ։

Ընկերության գործունեությունն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել Գյումրի քաղաքի վրա ՝ պահպանելով աշխատատեղեր ՏՏ ոլորտում՝ դրանով իսկ ապահովելով զգալի աշխատանքային եկամուտներ տարբեր ճյուղերում։  Իսկ տվյալ նախագծի արդիականացումը ներառում է ավելի քան 50 սթարթափ, արհեստագործական կենտրոն, ստեղծագործական ստուդիաներ, խանութներ, բնակարաններ, կանաչ գոտիներ, ֆերմերային կենտրոն և այլն:

Կստեղծվի մոտ 500-800 մշտական աշխատատեղ ՏՏ ոլորտում, մանրածախ առևտրի և զբոսաշրջության ոլորտում։  Ակնկալվում է, որ ամեն տարի Distrikt IT Hub-ը կընդունի մինչև 10000 զբոսաշրջիկ, թվային քոչվորներ, ինչպես նաև կդառնա ՏՏ ոլորտում կազմակերպվող փառատոնների և միջոցառումների անցկացման հարթակ:

5-ամյա ծրագիրը ներառում է սթարթափերի համար շենքերի կառուցում, հիմնական քովորքինգ, արվեստի և դիզայնի ստեղծագործական կենտրոն, գրասենյակային տարածքներ, ռեստորաններ, սրճարաններ, ժամանցային հաստատություններ, ջերմոցներ և այլն:

Նախագծի մշակման ընդհանուր արժեքը գնահատվում է 20 000 000 դոլար, որը նախատեսված է ինչպես ենթակառուցվածքների հողամասերի, այնպես էլ ձեռնարկատիրական սթարթափների համար։

 
 
 
 
 
 
 

Tunmun.am -ի խմբագրությունը հարցեր ուղղեց նախագծի ղեկավար Սաթեն Մինասյանին, որպեսզի ավելի շատ տեղեկացվի նման ծավալուն նախագծի մասին։ 

1.Ի՞նչ ակնկալիքներ ունեք նախագծի հետ կապված:

Քանի որ տարածքը պետական է, մենք ստիպված ենք եղել անցնել բոլոր գործընթացներով և ատյաններով, և շուտով կստանանք բոլոր նախարարությունների հավանությունը և կառավարության վերջնական որոշումը: Մինչդեռ մենք շփվում ենք տեղացիների, ռելոկանտների և այլ քաղաքներից եկած մարդկանց հետ, պատմում նախագծի մասին, փնտրում գործընկերներ՝ Գյումրիի սրտում Distrikt Downtown միջոցառումներն անցկացնելով։ Բացի նշված միջոցառումներից, մենք նաև գործարկել ենք "Distrikt Studio"- ն, որը սթարթափների ֆաբրիկա է և աջակցում է սթարթափներին՝ տրամադրելով տաղանդավոր դիզայներներ, տեխնիկական և մարքեթինգային մասնագետներ, մենեջմենթի ոլորտի մասնագետներ և այլն:

2. Ո՞վ է ձեր պոտենցիալ գնորդը:

Մենք կենտրոնանում ենք տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ մասնագետների, ինչպես նաև ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց վրա։ 

Distrikt-ը պրոֆիլների բազմազանություն է, մի վայր, որտեղ մասնագետները հանդիպում են միմյանց, կիսվում են իրենց փորձով և հաջողության պատմություններով և համագործակցում են միմյանց հետ:​ Բացի այդ, մենք կենտրոնանում ենք թվային քոչվորների վրա, ովքեր կգան Distrikt աշխատելու, ստեղծելու և ապրելու կայուն միջավայրում, կամ կստեղծեն իրենց սեփական սթարթափերը մեզ հետ:

3. Ինչպիսի՞ն են լինելու անշարժ գույքի գները:

Մենք ուսումնասիրում և աշխատում ենք փորձագետների հետ՝ գտնելու ավելի մատչելի և կայուն ուղիներ՝ բազմաֆունկցիոնալ քոթեջներ, տներ կառուցելու համար: Արժեքի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ նախագիծը էսքիզի փուլում է, սակայն կանենք ամեն ինչ, որպեսզի մարդկանց հասանելի լինի կացարանը Distrikt-ում։ Նաև նախատեսում ենք վերակառուցել տարածքում գոյություն ունեցող շենքերը։ Դրանով մենք կարագացնենք առաջին ընկերությունների, սթարթափների, հյուրանոցային բիզնեսի օբյեկտների տեղափոխման գործընթացը։​

4. Արդյո՞ք նախագիծը հետաքրքիր կլինի վերաբնակիչների համար: Սփյուռքի՞ն: Եվրոպայից, ԱՄՆ-ից հայրենադարձ անձանց:

Իհարկե, այո: Այժմ մենք առաջարկում ենք քովորքինգ Distrikt Downtown-ում, որը Գյումրիի կենտրոնում գտնվող Distrikt-ի մաս է կազմում: Մենք փնտրում ենք գործընկերներ տարբեր ոլորտներում, ուստի համագործակցության ենք հրավիրում իրենց գործի մասնագետներին։ 

Դիստրիկտ Դեվելոփմենթ ՓԲԸ-ի մասին

12 տարի շարունակ թիմը ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն, որի նպատակն է ստեղծել գրավիչ ներդրումային միջավայր և հասնել Շիրակի մարզի կայուն զարգացմանը: 

Երևան քաղաքից դուրս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունն ունի շուրջ 100 աշխատակից։ Գլխավոր նպատակն է ապահովել տեղի երիտասարդության արդյունավետ զբաղվածությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել տարածաշրջանի բնակչության բոլոր խավերի համար, բարձրացնել կյանքի որակը և ապահովել հնարավորությունների հավասարություն:

Հիմնադիրներն ավելի քան 30 տարի աշխատում են տեխնոլոգիական ոլորտում և բիզնեսի զարգացման ու ներդրումների կառավարման ոլորտում։ Ընկերությունն ունի բազմաթիվ հաջողակ ՏՏ սթարթափներ, այդ թվում` Digital Pomegranate, Aion Clouds, TriviaMatic, SeekUnique, Amplified Education և այլն։